Pop it-ն ու մաթեմատիկան

Pop it-ն ու մաթեմատիկան

Իսկ դուք տեսել կամ լսել ե՞ք pop it խաղի մասին։ Մենք կարծում ենք, որ հաստատ այո, քանի որ նրանք ամենուր են ու բոլոր փոքրիկների ձեռքերում։ Դրանք սիլիկոնից են պատրաստված և ունեն պղպջակների տեսքով շարքեր, որոնք երեխաները կարող են «գմփացնել»։ Նրանք անգամ գրավում են մեծերին, որովհետև զվարճալի են ու նյարդերը հանգստացնող։

Իրականում՝ այդ փոքր խաղալիքները նաև կարող են զարգացնել փոքրիկների մաթեմատիկական ունակությունները։ Ներկայացնում ենք մի քանի մաթեմատիկական խաղեր, որ կարող են խաղալ երեխաները pop it-ով։

Խաղերը խաղալու համար անհրաժեշտ է զառ և 10×10 pop it, որը կարող եք ձեռք բերել ահա այստեղից՝ https://hol.am/product/pop-it/ , https://hol.am/product/simple-dimpl/

Խաղ #1․ Մրցավազք դեպի 100

Այս խաղը ամենահարմարն է 4-7 տարեկան փոքրիկների համար։ Եթե ունեք երկու pop it, ապա կարող են երկու երեխա խաղալ միմյանց դեմ։ Սկսում ենք «գմփացնելով» բոլոր պղպջակները։ Խաղացողները սկսում են խաղալ՝ նետելով 2 զառ, ապա սեղմում են այնքան պղպջակ, որքան զառերի վրայի թվերի գումարն է։ Կարող եք փորձել նաև մեկ զառով խաղալ, սակայն այդպես խաղը դանդաղ է առաջ ընթանում։ Խաղում հաղթում է այն մասնակիցը, որն առաջինն է կարողանում 100 պղպջակ սեղմել։

Խաղ #2. Գումարում

Գցում եք 2 զառ կամ 12 կողմանի 1 զառ։ Դրա ընկնելուց հետո մտածեք, թե որ թվերի գումարման արդյունքում կարող եք ստանալ այդ թիվը։ Խաղալիքի վրա օգտագործեք երկու տարբեր շարքեր, օրինակ՝ եթե գցել եք ու 9 թիվն է ընկել, ապա սեղմեք 5 պղպջակ մի շարքից և 4 պղպջակ հաջորդ շարքից։ Տվեք երեխաներին թուղթ և գրիչ, որպեսզի գրեն մաթեմատիկական գործողությունները։

Խաղ #3․ Գմափացրու և հանիր

Կատարի՛ր հանում՝ գմփացնելով պղպջակներ։ Զվարճալի մեթոդ է, չէ՞։ Օրինակ 15-7-ը կատարիր հետևյալ կերպ․ սեղմիր 15 պղպջակ․ հետո հակառակ կողմից սեղմիր դրանցից 7-ը, և որքան մնացել է, այդքանն էլ պատասխանն է։ Սա հիանալի տարբերակ է նախադպրոցական տարիքի երեխաներին հանում սովորացնելու համար։

Խաղ #4․ Ինչպես ստանալ 10

Այս խաղի համար սեղմում ենք պղպջակները բոլոր ուղղահայաց շարքերում այնպես, որ յուրաքանչյուր շարքում սեղմված լինեն տարբեր քանակությամբ պղպջակներ։ Հետո խնդրեք Ձեր փոքրիկին գրել թերթիկի վրա 10 ստանալու արտահայտությունները՝ ըստ սեղմված պղպջակների։ Օրինակ՝ եթե առաջին շարքից սեղմած է 4 պղպջակ, ապա փոքրիկը պետք է գրի 4, ապա ավելացնի այնքան թիվ, որպեսզի ստացվի 10։

Խաղ #5. Թվերն ու կարգային միավորները

Այս խաղը շատ օգտակար կարող է լինել մաթեմատիկայի աշխարհում նոր հայտնված երեխաների համար։ Ասեք երեխային մի թիվ և թողեք, որպեսզի նրանք «ստանան» դա խաղալիքի միջոցով։ Օրինակ՝ 53 թիվը կլինի 5 ամբողջական շարք և ևս 3 պղպջակ։ Սա թույլ կտա երեխային հասկանալ տասնյակների և միավորներիի դասավորությունը թվի մեջ։

Խաղ#6․ Բազմապատկման կարգ

Այս խաղը բազմապատկում անելու ամենահեշտ ձևերից է։ Օրինակ եթե պիտի անեք 4X3, ապա «գմփացրեք» 4 պղպջակ 3 տարբեր շարքերից յուրաքանչյուրում։ Հաշվեք սեղմած պղպջակները ու կստանաք պատասխանը։ Կարող եք կատարել բոլոր բազմապատկումները մինչև 10X10-ը։ Ավելի երկարատև հիշելու համար փոքրիկների համար կարող եք գրել արտահայտությունները թղթի վրա և օգտագործել գունավոր գրիչներ, քանի որ դրանք զվարճալի են ու հիշարժան։

Խաղ # 7․ Արագ «վազք» դեպի 100

Այս խաղը նման է առաջինին, բայց այստեղ կարևորը արագությունն է։ Յուրաքանչյուր խաղացող սկսում է բոլոր պղպջակները վերև վիճակում։ Առաջին խաղացողը գցում է զառը այնքան ժամանակ մինչև ստանա 6 թիվը զառի վրա։ Հենց ստացվում է, սկսում է սեղմել բոլոր պղպջակները՝ ինչքան հնարավոր է արագ։ Շարունակում է նույն կերպ, իսկ միաժամանակ երկրորդ խաղացողը գցում է զառը այնքան ժամանակ, մինչև ստանա 6։ Հենց երկրորդ խաղացողը սկսում է արագորեն սեղմել իր պղպջակները, առաջինը խաղացողը դադարացնում է և գցում է զառը նորից։ Սկզբի գործողությունը նորից շարունակվում է այնքան ժամանակ մինչև խաղացողներից մեկը հասցնի սեղմել 100 պղպջակ։

Այպիսով` pop it-ը ոչ միայն զվարճանալու համար կարող է օգտակար լինել, այլև մաթեմատիկա սովորելու։

Աղբյուր՝ https://frugalfun4boys.com/bubble-pop-math-games/

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Your email address will not be published. Required fields are marked *