Աշխարհի 197 դրոշները

0 out of 5

3,900 դրամ

Խաղն առաջարկում է 10 տարբեր խաղային սցենարներ: Ընտրեք՝ որն եք ուզում և հետևեք համապատասխան կանոններին:

Ուշադրություն: Խաղաքարտերի դրոշները ճիշտ դիրքում են, երբ կարմիր կետը աջ ներքևի անկյունում է։

Խաղի ընդհանուր կանոններ.

Խաղի ընդհանուր կանոնները գործում են խաղի ցանկացած սցենարի դեպքում։

Խաղը հնարավոր է խաղալ և՛ անհատապես, և՛ թիմային սկզբունքով։

  • Խաղը սկսում ենք, երբ խաղի մասնակիցները կամ թիմերը նախապես որոշել են իրենց հերթականությունը (կարող եք առաջնորդվել ըստ տարիքի աճման կարգի, նախ փոքրերը խաղան, հետո՝ մեծերը)։
  • Մասնակիցների հերթականությունը փոխվում է ժամսլաքի ուղղությամբ։
  • Խաղի ընթացքում մասնակիցները խաղաքարտերը իրենց առջև պետք է դնեն գրվածքները փակ կողմով` դրոշները դեպի վերև:

 

Դիտել զամբյուղը

Նկարագրություն

Կանոն N1 – 2 սցենարով մրցում ենք խմբերով

Սցենար 1:

Խաղընկերները խաղի սկզբում բաժանվում են մրցող կողմերի՝  զույգերի կամ թիմերի՝ 3-4 հոգանոց:

Խաղի սկզբում խառնում ենք խաղաքարտերը և պատահականության սկզբունքով բաժանում մրցող կողմերին։

Զույգերով խաղալիս բաժանում ենք 10-ական խաղաքարտ ամեն մասնակցի՝ ընդհանուր 40 խաղաքարտ, իսկ թիմային խաղի ժամանակ 30-ական խաղաքարտ յուրաքանչյուր խմբի։

Խաղի նպատակն է դրոշներին նայելով որքան հնարավոր է ավելի շատ երկրներ կռահել։

Եթե բոլոր խաղաքարտերը բաժանված են, իսկ խաղի ելքը դեռ հայտնի չէ՝ հաղթում է ավելի քիչ խաղաքարտ ունեցող մասնակիցը:

Խաղընկերներից որևէ մեկը ձեռքի տակ ունեցած իրեն պատկանող խաղաքարտերը հերթով դրոշի ուղղությամբ ցույց է տալիս իր խաղընկերոջը (խաղընկերներին), իսկ վերջինս պետք է կռահի, թե որ պետությանն է այն պատկանում:

Եթե դրոշը անծանոթ է թիմակցի համար, ապա խաղաքարտը ցույց տվողը կարող է կատարել 1 հուշում, որը գրված է խաղաքարտի վրա (օրինակ, թե որն է մայրաքաղաքը կամ էլ թե որ մայրցամաքում է գտնվում պետությունը)։

Եթե պատասխանը ճիշտ է խաղաքարտը մնում է այդ խմբի մոտ որպես միավոր, եթե սխալ, ապա այն հաջորդ անգամ ևս մեկ հուշման միջոցով անհրաժեշտ է կռահել: Եթե երկրորդ անգամ ևս թիմակիցը չկարողացավ կռահել պետության անվանումը, ապա խաղաքարտը դուրս է գալիս մրցապայքարից և միավոր չի բերում թիմին։

Ամեն խաղաքարտ ցույց տալուց հետո խաղի հերթը անցնում է մյուս խմբին։

Խաղում հաղթում է առավել շատ խաղաքարտ հավաքած կողմը, ընդ որում, եթե խաղը սկսող կողմը կռահել է  ձեռքի տակ ունեցած վերջին խաղաքարտը, իսկ մրցակից կողմը դեռ ունի խաղաքարտ, ապա մրցակից կողմին տրվում է խաղաքարտը բացատրելու մեկ հնարավորություն:

 

Սցենար 2:

Խաղի կանոնները նույնն են, ինչ առաջին սցենարի դեպքում՝  մեկ տարբերությամբ, յուրաքանչյուր կռահված դրոշ ունի 5 հնարավոր միավոր վաստակելու հնարավորություն։

Այդ դեպքում 1 հուշման փոխարեն հնարավոր է անել 4-ը, յուրաքանչյուր հուշում նվազեցնում է 5 հավանական միավորները 1-ական միավորով։ Եթե 4 հուշումը ստանալուց հետո թիմակիցները միևնույնն է չեն կարողանում կռահել երկրի անունը, ապա խաղաքարտը դուրս է գալիս խաղից՝ առանց միավոր բերելու։

Այս անգամ ևս եթե խաղը սկսող կողմը կռահել է  ձեռքի տակ ունեցած վերջին խաղաքարտը, իսկ մրցակից կողմը դեռ ունի խաղաքարտ, ապա մրցակից կողմին տրվում է խաղաքարտը բացատրելու հնարավորություն:

Խաղում հաղթում է առավել շատ միավորներ հավաքած կողմը:

 

Կանոն N2 – 5 սցենարով

Կանոնների այս տարբերակը ամենահետաքրքիրն է՝ հատկապես աշխարհագրասերների համար, քանի որ հարկավոր է պարզել գիտելիքները երկրների անվանումների (սցենար 1), պաշտոնական լեզուների (սցենար 2), արժույթի (սցենար 3) և մայրաքաղաքների (սցենար 4), ինչպես նաև մայրցամաքի տեղայնության մասին (սցենար 5) ։

Խաղի սկզբում խառնում ենք խաղաքարտերը և կախված խաղի մասնակիցների քանակից՝ պատահականության սկբունքով շարում ենք սեղանին։

Խաղը հնարավոր է խաղալ 2-10 հոգով, յուրաքանչյուր մասնակցի քանակին համապատասխանաբար խաղաքարտերը սեղանին շարում ենք 10-ական քանակությամբ՝ օրինակ. 20 խաղաքարտ երբ 2 հոգի է խաղում և 80՝ երբ 8 հոգի է խաղում։

Խաղի մասնակիցները նախապես պայմանավորվում են, թե խաղաքարտի վրայի որ ինֆորմացիայի շուրջ է սկսելու մրցավեճը (պետության անվանում, լեզու, արժույթ, մայրաքաղաք, մայրցամաք)։

Մրցող կողմերը սեղանին դրված դրոշներին նայելով պետք է գտնեն իրենց ավելի հայտնի պետության դրոշը և ասեն, թե օրինակ որն է այն, ինչ արժույթ ունի, որն է պաշտոնական լեզուն կամ այդ երկրի մայրաքաղաքը։

Պատասխանը հնչեցնելուց հետո ընտրած խաղաքարտը շրջում ենք, որ տեսնենք ճիշտ էր արդյոք այն: Ճիշտ պատասխանի դեպքում խաղաքարտը անցնում է տվյալ մասնակցին։

Եթե նույն դաշտում առկա է երկու պատասխան (օրինակ երբ պետությունը ունի երկու պաշտոնական լեզու, բայց մեկն են ճիշտ կռահել), ապա անգամ դրանցից մեկի ճիշտ պատասխանը միավոր է բերում մասնակցին, և խաղաքարտը մնում է նրա մոտ։

Հաղթում է այն մասնակիցը, ով ամենաշատ խաղաքարտերն է հավաքել սեղանին դրված խաղաքարտերի ավարտվելուց հետո կամ երբ կողմերը խաղը ավարտելու համաձայնության են եկել, և այդ պահին մասնակիցներից որևէ մեկն ունի ամենաշատ հավաքած խաղաքարտերը:

 

Կանոն N3 – 1 սցենարով

Խաղի այս սցենարը առավել հետաքրքիր և բարդ է դարձնում խաղը։

Կանոնները նույնն են, ինչ երկրորդ կանոնում, միայն մեկ տարբերությամբ՝ խաղաքարտի սեփականատերը դառնալու համար հարկավոր է ճշգրիտ ասել խաղաքարտի միանգամից մի քանի բաղադրիչ 2, 3 կամ 4՝ ըստ մասնակիցների որոշման:

 

Կանոն N4 – 2 սցենարով մրցում ենք անհատական

Խաղի տրամաբանությունը կառուցում ենք երկրի տարածքի մեծության վրա (սցենար 1) կամ բնակչության քանակի (սցենար 2)։

Խաղը սկսելուց առաջ խաղի մասնակիցներին բաժանում ենք 4-ական խաղաքարտ, իսկ խաղասեղանին դնում ենք մեկ խաղաքարտ այնպես, որ դրոշը լինի երևացող կողմում։

Խաղը առաջինը սկսող մասնակիցը սեղանին դրված խաղաքարտի աջ կողմում է դնում իր առջև դրված խաղաքարտերից այն մեկը, որի վրա նշված տարածքի կամ բնակչության թիվը, ըստ իրեն, ավելի մեծ է, քան սեղանին դրված խաղաքարտինը: Եվ հակառակը՝ սեղանին դրված խաղաքարտի ձախ կողմում է դրվում, երբ ավելի փոքր է թիվը:

Դրանից հետո խաղաքարտերը շրջվում են դեպի թվերի կողմը՝ հասկանալու համար՝ խաղաքարտերը ճիշտ դիրքում են դրված, թե ոչ:

Եթե խաղաքարտը դրվել է ճիշտ դիրքում, խաղի իրավունքը անցնում է մյուս մասնակցին, եթե ոչ, ապա հարկավոր է ուղղել դրված խաղաքարտերը ճիշտ հերթականությամբ և մեկ խաղաքարտով ևս ավելացնել սեփական խաղաքարտերը, որից հետո միայն հաջորդ մասնակիցը կարող է քայլ կատարել:

Երբ խաղաքարտը չի դրվում խաղաքարտերի շղթայի սկզբում կամ վերջում, խաղաքարտի համար տեղ բացելու համար հարկավոր է տեղաշարժել շարքում գտնվող մնացած խաղաքարտերը։

Խաղը կհաղթի այն մասնակիցը, ով առաջինը կազատվի իր առջև դրված բոլոր խաղաքարտերից:

Լրացուցիչ տեղեկություններ

Քաշ 0.5 կգ
Չափսեր 15.5 × 24.5 × 5 սմ